Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Ռուսաստանին մոտ աղբյուրներն են «կարկաչում»

Ռուսաստանին մոտ աղբյուրներն են «կարկաչում»
21.02.2013 | 18:19

Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը կասկածում է, որ գազի գինը կբարձրանա։ Ի՞նչ է մտածում էներգետիկայի նախարարը պաշտոնապես, անհայտ է։ Իսկ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությանը մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ` ամռանը հնարավոր է էլեկտրաէներգիայի գնի բարձրացում։

Որ էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը հավանական է դառնում Հայաստանում, զարմանալի չէ։ Չմոռանանք, որ դրա արտադրության մեջ գազը հետին տեղում չէ։ Եվ այսպես շղթայական ռեակցիայով գազի գնի բարձրացումից հետո մեր կյանքն էլ խելքը գլխին կթանկանա։ ՈՒ թանկացումն առաջին հերթին կսկսվի տրանսպորտից։ Ասեք` ինչո՞ւ։ Որովհետև թե՛ մասնավոր, թե՛ հասարակական տրանսպորտային միջոցներն աշխատում են գազով։ Դե, եթե տրանսպորտի փոխադրումների գինը բարձրանա, ուրեմն հաստատ բոլոր ապրանքատեսակների գինը կբարձրանա։
Արդյունաբերության «բախտն էլ» չի բերի` նրա բաղկացուցիչ մասի` գազի սակագնի բարձրացումը ուղղակիորեն ազդելու է արտադրության ինքնարժեքի վրա։ Սա նշանակում է, որ տվյալ ապրանքի գինը շուկայում կրկնակի կբարձրանա, քանի որ բարձր ինքնարժեքին կգումարվեն նաև տեղափոխման տրանսպորտային ծախսերը։ Իսկ թե որքան կթանկանա կյանքը, շունչը պահած փորձում է հաշվել ժողովուրդը` գցում-բռնում, բայց այդպես էլ կոնկրետ թվի շուրջ չի կանգնում։ Դե, որտեղի՞ց կարող է կռահել, եթե պաշտոնապես դեռևս ոչինչ չի ասվում։ Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված այս լռությունը, անհասկանալի է։
Գազի սակագնի բարձրացումը մախաթ չէ, որ դեզի մեջ կորչի ու աչքի չընկնի։ Ավելի լավ չէ, միանգամից ասել ճշմարտությունը։ Իսկ միգուցե պատկան կառույցների լռությունը պայմանավորված է նրանով, որ խնդիրը դեռևս չեն հստակեցրել Ռուսաստանի հետ։ Այլ հարց է, թե ինչու Ռուսաստանը մեզ` որպես գործընկեր երկրի չի մոտենում։ Նույն «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությանը մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ` Հայաստանին տրամադրվող գազի սակագինը Ռուսաստանը մտադիր է նախորդ տարիների համեմատ բարձր սահմանել։ Իսկ թե ինչո՞ւ, աղբյուրը չի մեկնաբանում։ Գուցե խնդիրը քաղաքակա՞ն է, ո՞վ գիտի, բայց որ մտածելու բան կա, դա հաստատ է։ Ինչևէ, այս հարցի շուրջ բազմաթիվ մտավարժություններ կարող են լինել, բայց միակ փաստն այսօր այն է, որ սահմանի վրա գազի մաքսային արժեքը բարձրացել է, և հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ-ն ևս անհնար չի համարել գազի սակագնի բարձրացումն այս տարի։
Թե ինչպես կզարգանան հետագայում իրադարձությունները, այս հարցի պատասխանը երկար չի սպասեցնի, բայց հիշեցնենք, որ վերջին երկու շաբաթում արդեն շատ ապրանքներ թանկացել են, այդ հարցին անդրադարձել էինք «Իրատես de facto»-ի ....... համարում։ Բոլոր դեպքերում կարծում ենք, որ գազի սակագնի բարձրացումն իր հետևից ենթադրում է կյանքի բարդություն բոլոր ուղղություններով և լուրջ խնդիր է ստեղծելու ժողովրդի համար և` ոչ միայն։ Այս պարագայում շատ կարևոր և ծանր դերաբաժին է հատկացվում Հայաստանի իշխանություններին։ Կկարողանա՞ն Ռուսաստանի հետ գտնել ընդհանուր լեզու, որ գազի սակագնի բարձրացումը համեմատաաբար «կծան» չլինի։ Սա է հարցը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3392

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ